Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ Մոսկվայում տեղի են ունեցել սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ։ Այս մասին տեղեկացնում էAnadolu գործակալությունը։
Թուրքական կողմի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում թուրքական կողմն ընդգծել է «երկրի վրա» իրադրության շուտափույթ դեէսկալացիայի, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար իրադրության հետագա վատթարացման կանխարգելման անհրաժեշտությունը:
Բացի այդ, պատվիրակությունները քննարկել են այն միջոցները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական իրականացման և խախտումների կանխարգելման համար:
Պատվիրակությունները քննարկումները կշարունակեն նաև այսօր։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պատվիրակությունների հանդիպումը կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում՝ մամուլի համար փակ ռեժիմով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







