Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ «դրական ոգով» է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդությամբ ներկայացված Գազայի հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցությունների՝ գործարքի իրականացման մեխանիզմի վերաբերյալ, որը նախատեսում է պատանդների ազատում և հակամարտության ավարտի շուրջ բանակցություններ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր գրեթե 21 ամիս տևող Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի 60-օրյա հրադադարի վերաբերյալ «վերջնական առաջարկ» և նշել, որ ժամերի ընթացքում սպասում է կողմերի արձագանքին։
ՀԱՄԱՍ-ն իր պաշտոնական կայքում գրել է, որ շարժումն ավարտել է ներքին խորհրդակցությունները, ինչպես նաև քննարկումները պաղեստինյան այլ խմբավորումների և ուժերի հետ՝ Գազայի ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու միջնորդների վերջին առաջարկի հետ կապված։
«Շարժումն իր պատասխանը փոխանցել է եղբայրական միջնորդներին, որը նշանավորվում է դրական ոգով։ ՀԱՄԱՍ-ը լիովին պատրաստ է անմիջապես սկսելու նոր բանակցությունների փուլ՝ այս ծրագրի իրականացման մեխանիզմի շուրջ»,- ասվում է հայտարարությունում։
Իսրայելական լրատվամիջոցները հղում անելով պաշտոնական աղբյուրին՝ հայտնել են, որ Իսրայելն ստացել է և ուսումնասիրում է պաղեստինյան խմբավորման պատասխանը հրադադարի առաջարկին։
Հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները Գազայում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրը մերժելու հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







