Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվելուց հետո Իսրայելն ու Իրանը հունիսի 15-ի գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ երկու համազարկի շրջանակներում Իրանից երկրի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ, հաղորդել է NEWSru.co.il-ը։ Նշվում է, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը: Առգրավվել են նաև տասնյակ հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Միևնույն ժամանակ՝ հաղորդվում է, որ մի քանի հրթիռ ընկել է Բաթ Յամ, Ռեհովոտ, Թամրա բնակավայրերի բնակելի տարածքներում: Հարվածների արդյունքում կան զոհեր, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրանցից 6-ը զոհվել են Թել Ավիվից հարավ գտնվող Բաթ Յամ քաղաքում, այդ թվում՝ 2 երեխա։ 7 մարդ համարվում է անհետ կորած։ 4 մարդ է զոհվել նաև Թամրա քաղաքի վրա հարձակումների հետևանքով։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, իրանական կողմը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Թեհրանում գտնվող «Շահրան» նավթային պահեստին և Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող նավթավերամշակման գործարանին:
Բացի այդ, ըստ իրանական լրատվամիջոցների, հարվածներ են հասցվել Իրանի պաշտպանության նախարարության շենքին, որին հասցված վնասն աննշան է։ Իսրայելական ԶԼՄ-ները գրել են, որ Իսրայելը հարված է հասցրել Եմենին՝ փորձելով սպանել Իրանին աջակցող Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժման հուսիների բարձրաստիճան ներկայացուցչին:
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանի մի շարք շրջանների։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Կարդացեք նաև՝