Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին ասպետական կոչում կշնորհվի, հայտնում է The Sun պարբերականը:
50-ամյա ֆուտբոլիստի անունը, որը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը», «Լոս Անջելես Գելաքսին», կընդգրկվի կոչում ստացողների ցուցակում, որը կտարածվի հաջորդ շաբաթ՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ: Միապետի ծննդյան փաստացի օրը նոյեմբերի 14-ն է, սակայն ավանդույթի համաձայն, որը հաստատվել է 1748 թվականից, պետության ղեկավարն իր պաշտոնական ծննդյան օրը նշում է ամռանը:
Տիտղոսի շնորհումից հետո Բեքհեմը կկարողանա կրել «սըր» պատվավոր տիտղոսը, իսկ նրա կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, «լեդի» տիտղոսը:
2003 թվականին Բեքհեմը դարձել էր բրիտանական կայսրության սպորտային արժանիքների շքանշանի սպա։
Կայքի տվյալներով՝ Բեքհեմներ զույգի համատեղ կարողությունը գնահատվում է մոտ 500 մլն ֆունտ (675 մլն դոլար): Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Բեքհեմը դարձել է գործարար, ֆուտբոլային ակումբի սեփականատեր և մոդել։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է բարեգործության մեջ, ուստի ընդգրկվել է թագավորի ցուցակում, հայտնում է պարբերականը։



































