Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի հետ (իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ-խմբ.) հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է համարում համաձայնության գալ ամերիկյան կողմի հետ, բայց պայմանով, որ Վաշինգտոնը դադարեցնի Թեհրանին սպառնալ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը հասանելի է, բայց դրա համար անհրաժեշտ է հիմնարար պայման՝ ամերիկյան կողմը պետք է դադարեցնի պայմանները պարտադրել, ինչպես նաև Իրանին վախեցնել։ Մենք ոչ մի դեպքում չենք ենթարկվի ուժի կիրառմանը»,- ասել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն ABC News-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, հայտարարել էր, որ հնարավոր գործարքի պայմաններով Իրանը չպետք է ունենա ուրանը նույնիսկ 1%-ով հարստացնելու հնարավորություն։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել էր դրան՝ ասելով, որ Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ անկախ նրանից, թե համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ։
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: