Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են պետական հեղաշրջումը կանխելու մասին, հայտնում է «Կոմերսանտը»։
Սիրիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պետական հեղաշրջման փորձը կազմակերպվել է երկրի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի բանակի սպաների կողմից։
«Մենք խափանել ենք տապալված ռեժիմի սպաների կողմից նախապատրաստվող հեղաշրջման ծրագրերը։ Սա հնարավոր դարձավ մեր զինված ուժերի և ժողովրդի ջանքերի շնորհիվ»,- նշել է Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը։
Միջադեպին ի պատասխան՝ իշխանությունները որոշել են ստեղծել նոր վարչություն՝ հանցագործներին հետապնդելու համար` ամրապնդելով համակարգումն այլ անվտանգության մարմինների հետ։
Մարտին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ասադի կողմնակիցների կողմից սպառնալիքները վերացնելու ծրագրերի մասին։ Սա համընկել էր ափամերձ տարածքներում կառավարական ուժերի և ալավիական խմբավորումների միջև վերջերս տեղի ունեցած բախումների և հետագա էթնիկ զտումների հետ, որոնց հետևանքով տուժել էին նաև հայեր։