Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) քվեարկության արդյունքում մերժվել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բանաձևին կողմ է քվեարկել 131 պատգամավոր՝ անհրաժեշտ 289-ի փոխարեն։
Նշվում է, որ ձախ կոալիցիայի «Նոր ժողովրդական ճակատ»-ի ամենամեծ՝ «Չենթարկվող Ֆրանսիա» կուսակցության կողմից ներկայացված անվստահության նախաձեռնությանը չի աջակցել սոցիալիստ պատգամավորների ճնշող մեծամասնությունը։
Սոցիալիստները մտափոխվել են վարչապետի հետ բանակցություններից հետո, որոնց ընթացքում կարողացել են մի շարք զիջումներ կորզել կառավարությունից։ Նախարարների կաբինետը, մասնավորապես, համաձայնել է քննարկել 2023 թվականի սեպտեմբերին սկսված կենսաթոշակային բարեփոխումների հնարավոր ճշգրտումները, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից 64 բարձրացնել։
Բայրուն վարչապետ էր նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի 13-ին։ Հունվարի 14-ին նա հիմնական ելույթով հանդես էր եկել Ազգային ժողովում և նրա ծրագիրը սուր քննադատության էր արժանացել «Չենթարկվող Ֆրանսիա»-ի կողմից։