«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով չտրվել սադրանքներին և չպառակտել հասարակությունը, հաղորդում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
«Այսօր մեր խնդիրն է չտրվել սադրանքների, պահպանել սթափ մտածողություն և շարունակել աշխատանքը՝ յուրաքանչյուրն իր տեղում։ Այսօր մենք ունենք նոր մարտահրավեր, նոր սպառնալիք, որը ծառացել է Ռուսաստանի առջև։ Մենք պետք է թույլ չտանք կործանել այն, ինչը կառուցել ենք և այսքան բարդ ստեղծել ենք տարիներ շարունակ։ Ռուս ժողովուրդն ուժեղ և իմաստուն է, և ես վստահ եմ, որ անտարբեր չէ երկրի ճակատագրի հանդեպ։ Հենց այդ պատճառով այսօրվա իրադրությունում պետք է լինել համախմբված, և միայն այդ ժամանակ մենք կհաղթահարենք ամեն դժվարություն»,- ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։
Հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը կոչ էր արել զինված ապստամբություն սկսել ռուսական ռազմական ղեկավարության դեմ։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ, ըստ նրա, ՌԴ ՊՆ-ն հարվածել է «Վագների» ճամբարին, ինչի արդյունքում նրա մարտիկները զոհվել են։
ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունն անվանել էր իրականությանը չհամապատասխանող և դիմել «Վագների» մարտիկներին խոհեմություն ցուցաբերելու և իշխանություններին դիմելու համար՝ նշելով, որ նրանց խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մեջ։ «Վագներ» խմբավորման ղեկավարի անունից զինված ապստամբության կոչերով հայտարարությունների առնչությամբ Ռուսաստանում քրգործ է հարուցվել, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտակարգ հեռուստաուղերձում հայտարարել էր Ռուսաստանում ապստամբության փորձի մասին, այն որակել որպես դավաճանություն և խոստացել, որ այդ գործողությունների կազմակերպիչները պատասխան։
Հունիսի 24-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ «Վագների» ղեկավարն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել խմբավորման տեղաշարժը Ռուսաստանում և թուլացնել լարվածությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







