ՌԴ ԱԳՆ-ն
կոչ է արել Ադրբեջանին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Այս մասին իր մեկնաբանության մեջ ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ մենք ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները խախտում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության աճի և չեն նպաստում Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացող գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Մենք կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել երթևեկությունը Լաչինի միջանցքով»,- ընդգծել է նա։
Հանրապետության կառավարությանն առընթեր Արցախի տեղեկատվական շտաբը հունիսի 15-ին
հայտնել է, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին
Armenia Today-ին հաստատեց, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում
հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ
ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։