Իրաքի խոշորագույն Ումմ Քասր նավահանգստի շրջանում ուժայինների հետ ցուցարարների բախումների հետևանքով շուրջ 120 մարդ Է տուժել։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովի հայտարարությանը։
Բողոքի ակցիաների մասնակիցները դեռևս անցած չորեքշաբթի փակել էին ռազմավարական նշանակություն ունեցող այդ տերմինալ տանող ճանապարհները, որից հետո այնտեղ առաքման բոլոր գործընթացները դադարեցվել էին:
Աղբյուրը հայտնում է, որ Ումմ Քասրը կարևոր նշանակություն ունի Իրաքի համար. այստեղով երկիր են մատակարարվում հացահատիկ, շաքար, սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր։
Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովը հայտնել է, որ անկարգությունների դեմ պայքարի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ, ինչպես նաև մահաբեր սպառազինություն:
Իրաքում դեռևս հոկտեմբերի սկզբից շարունակվում են հակակառավարական ակցիաները կյանքի պայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի դեմ:
Խաղաղ հանրահավաքները վերածվեցին ոստիկանների և զինծառայողների հետ բախումների։
Երկրում անկարգություններին զոհ է գնացել ավելի քան 250 մարդ, 11 հազար մարդ վիրավորվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







