Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիթը երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրանքներ է առաջադրել երեք գործերով՝ մասնավորապես կաշառակերության և խարդախության փաստերով: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Գործերից մեկը կապված է հեռուստահաղորդակցական խոշորագույն խմբի՝ «Բեզեկի» շահերի լոբբինգին: Երկրորդ դեպքում Նեթանյահուն կասկածվում է թանկարժեք նվեր ընդունելու մեջ, որը նրան ուղարկել է մեծահարուստ օլիգարխներից մեկը: Երրորդ դեպքում վարչապետը մեղադրվում է այն բանի մեջ, որ փորձել է խոշորագույն լրատվական խմբի սեփականատիրոջ հետ պայմանավորվածության հասնել, կառավարության գործողությունները դրական ձևով լուսաբանելու համար: Փոխարենը, ըստ հետաքննության, վարչապետը լրատվամիջոցի ղեկավարին խոստացել է ընդունել օրենք, որը կսահմանափակի իր մրցակիցների հնարավորությունները:
Մանդելբլիթը նշել է, որ վարչապետի նկատմամբ հարուցված քրեական գործերը հիմնված են հազարավոր ապացույցների վրա:
Նշվում է, որ քննիչները 2017-2018 թվականներին Նեթանյահուին 12 անգամ հարցաքննել են Երուսաղեմի իր նստավայրում՝ այդ երեք գործերով: 2019-ի փետրվարին Մանդելբլիթը հայտարարել էր, որ մտադիր է ընդունել Ոստիկանության հանձնարարականները և մեղադրանքներ առաջադրել, ինչպես նաև ժամկետ է նշանակել օրենքով պարտադիր մինչդատական լսումների համար:
Հոկտեմբերի 7-ին Երուսաղեմում ավարտվել են չորս օր տևած մինչդատական լսումները, որոնց ընթացքում Նեթանյահուի փաստաբաններին հնարավորություն է տրվել «համոզել» դատախազին, որ մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն չկա:
Նշենք նաև, որ Նեթանյահուն նախկինում բազմիցս հերքել է կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







