Եվրամիության երկրների առաջնորդները չորեքշաբթի օրը կայացած արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել են, որ չեն ճանաչում Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթանակ է տարել պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Գագաթնաժողովի արդյունքները հայտարարել են Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Ինչպես հայտարարել է Շառլ Միշելը, դատապարտելով Բելառուսում ցուցարարների դեմ բռնությունը, գագաթնաժողովի մասնակիցները պահանջել են անկախ և թափանցիկ հետաքննություն:
Երկրների ղեկավարները նաև խոստացել են մոտ ժամանակներս պատժամիջոցներ սահմանել Բելառուս շատ պաշտոնյաների նկատմամբ «բռնության, ճնշումների և ընտրությունների կեղծման» համար: Ինչպես հայտնել Է Եվրախորհրդի ղեկավարը, կուսումնասիրվի «Լուկաշենկոյին պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու հարցը»:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին իր հերթին հայտարարել է, որ գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել երկրում նախագահական ընտրությունների կրկնակի անցկացման օգտին:
Որոշում է կայացվել 53 մլն եվրո հատկացնել Բելառուսին, ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, օգնության ծրագրերը կբաշխվեն այնպես, որ փողերը «տրամադրվեն ոչ թե իշխանության, այլ ժողովրդի կողմից»: Այդ գումարից 2 մլն եվրոն կուղղվի «բռնաճնշումների զոհերի» աջակցությանը, 1 մլն եվրոն՝ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության աջակցությանը, իսկ 50 մլն եվրոն կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին:
Մինսկը բազմիցս հայտարարել է երկրի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր լիազորությունների մի մասը տալու պատրաստակամության մասին, բայց միայն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Նա նաև հայտարարել է, որ նոր ընտրություններ հնարավոր են միայն նոր Սահմանադրության ընդունումից հետո։
Դեռ ընտրություններից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի ակնկալում ընտրությունների արդյունքների միջազգային ճանաչում, և կոչ էր արել չվախենալ պատժամիջոցներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







