Մինսկում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիային, հաղորդում է ТАСС-ը։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ողջ քաղաքից մարդիկ սկսել են հավաքվել «Մինսկ — հերոս քաղաք» տաղավարի շրջանում ժամը 14:00-ին: Հաղթանակի զբոսայգու շրջակայքի պուրակներն ու ծառուղիները, ինչպես նաև հարակից փողոցները լի էին մարդկանցով։
Ակցիային մասնակցել է նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի զինակից Մարիա Կոլեսնիկովան:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ՝ պահանջելով Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը և բողոքի ակցիաներում ձերբակալվածների ազատ արձակումը:
Ակցիայի ընթացքում ցուցարարների շարասյունը շարժվել է դեպի Անկախության հրապարակ, որտեղ այդ ժամանակ արդեն ավարտվել էր Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը:
Նշվում է, որ իրավապահ ուժերը չեն խանգարել ցույցի անցկացմանը ողջ օրվա ընթացքում: Ժամը 19:00-ին ակցիայի մասնակիցները աստիճանաբար սկսել են ցրվել:
Ավելի վաղ Բելառուսի մայրաքաղաքում տեղի էր ունեցել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների ակցիան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







