Lիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հոգեհանգստի կարգ կմատուցվի: Այս մասին հայտնում են Լիբանանի ազգային առաջնորդարանից:
«Առաջիկա կիրակի՝ օգոստոս 9-ին, Լիբանանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում հոգեհանգստի կարգ կկատարվի` ի հիշատակ պայթյունի պատճառով զոհվածների»,- նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ եկեղեցիներում նաև աղոթք կհնչի պայթյունի հետևանքով վիրավորված մարդկանց առողջության համար:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են հարյուրավոր շենքեր, ավելի քան 300 հազար մարդ անօթևան է մնացել: Ըստ Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալների՝ ողբերգության պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումն է եղել, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:
Իշխանությունները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են նավահանգստի վարչակազմի 16 անդամների, այդ թվում՝ նրա տնօրենին։
Պայթյունի հետևանքով առնվազն 149 մարդ է զոհվել, ավելի քան 5000-ը տուժել։ Զոհվել է նաև 11 հայ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







