Լիբիայի ազգային բանակը չի նահանջի, մինչև բոլոր թուրք զավթիչներն ու նրանց վարձկանները չվռնդվեն Լիբիայից, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը:
«Մեր հայրենիքը վտանգի մեջ է, մեր ներկային ու ապագային թուրքական ատելի գաղութատիրությունն է սպառնում: Թուրքիայի ագրեսիան Լիբիայի միասնությանն ու տարածաշրջանի կայունությանն է սպառնում, նրանք փորձում են մեր երկրի հարստությանն ու ռեսուրսներին տիրանալ, որպիսի տնտեսական ճգնաժամը հաղթահարեն»,- հայտարարել է Հաֆթարը՝ շեշտելով, որ թեև ականջալուր են եղել քաղաքական խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերին, սակայն թույլ չեն տալու, որ Թուրքիան դա օգտագործի Լիբիայի տարածքում սպառազինություն և վարձկաններ կուտակելու նպատակով:
2011 թվականին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ռազմարշավ է իրականացրել Լիբիայում, ինչի արդյունքում սպանվեց Մուամմար Կադդաֆին և տապալվեց 40 տարուց ավելի իշխող ռեժիմը: Դրանից հետո երկրում ճգնաժամ է տիրում: Երկրի արևելքում իշխում է ժողովրդի ընտրած խորհրդարանը, որին աջակցում է Հաֆթարի բանակը, իսկ արևմուտքում՝ Տրիպոլիում, գործում է ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ կազմավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: