Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի գլխավոր փորձը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ շքերթին կմասնակցի շուրջ 14 հազար մարդ: Դրանք հիմնականում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ունեցող զինծառայողներ են։ Մարզումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցներով՝ ձեռնոցներով և դիմակներով։
Կարմիր հրապարակում կանցնեն ավելի քան 40 քայլարշավային հաշվարկներ՝ սպաներ, սերժանտներ և տարբեր միավորումների զինվորներ, ռազմական բուհերի կուրսանտներ։
Շքերթին մասնակցելու են նաև Խորհրդային Միության նախկին հանրապետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի զինված ուժերը ։ Շքերթային հաշվարկներ են ուղարկել նաև Չինաստանը, Մոնղոլիան և Սերբիան։
Մեքենայացված շարասյունը կկազմեն 234 միավոր ժամանակակից և պատմական ռազմական տեխնիկա: Դրանց թվում հնարավոր կլինի տեսնել Տ-90մ և Տ-80ԲՎՄ տանկերը, «Կուրգանեց-25» և «Արմատա» հետևակի մարտական մեքենաները, «Տոռնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, ՏՈՍ-2 ծանր հրանետային համակարգը, «Բալ» առափնյա հրթիռային համալիրը:
Շքերթին կմասնակցեն 75 ինքնաթիռներ և ուղղաթիռներ ։
Շքերթը տեղի կունենա հունիսի 24 — ին՝ 1945 թվականի հաղթողների Պատմական շքերթի օրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







