Անգլիական գյուղի բնակիչները դիտարկում են Մեծ Բրիտանիայից առանձնանալու վերաբերյալ խորհրդանշական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը՝ ի նշան իրենց բնակավայրի մոտակայքում անօրինական միգրանտների համար նախատեսված կալանավայր բացելու կառավարության ծրագրերի դեմ բողոքի, հայտնում է The Times-ը։
Ըստ թերթի՝ խոսքն Արևելյան Սաֆոլկ կոմսությունում գտնվող Բարնհեմ գյուղի մասին է, որի բնակչությունը 600-ից մի փոքր ավելի է։
Կառավարությունը գյուղի մոտակայքում գտնվող ռազմաօդային ուժերի բազան դիտարկում է որպես ապաստան հայցողներին տեղավորելու հնարավոր վայր։ Բարնհեմի բնակիչներին ոգեշնչել է Օքսֆորդշիրի Պիդինգտոն գյուղի բնակիչների նմանատիպ քայլը։
Վերջիններս իրավական ուժ չունեցող քվեարկության ժամանակ 285 կողմ և 26 դեմ ձայներով քվեարկել էին Լոնդոնից անկախանալու օգտին։ Բարնհեմի ծխական խորհրդի նախագահ Ջոն Բաուերը հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի երեկոյան տեղական համայնքի ներկայացուցիչների մի «փոքր խումբ» կմեկնի Պիդինգտոն՝ նախաձեռնության հեղինակների հետ հանդիպելու նպատակով։
«Կարծում եմ՝ սա, առաջին հերթին, տեղեկատվություն հավաքելու նպատակով կատարվող այց է՝ ավելին իմանալու, թե կոնկրետ ի՞նչ են նրանք արել, որքանո՞վ է դա արդյունավետ և արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք նմանատիպ քայլ կատարել Բարնհեմում»,- ասել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







