Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն կսկսի Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեդ Դավութօղլուի նկատմամբ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նա մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ սոցիալական ցանցերում «նախագահին վիրավորելու» համար։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դավութօղլուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել էր իր փեսային նախարար նշանակելու, հարազատներին հարստացնելու և Թուրքիան հինգ կապալառուների «հանձնելու» մեջ։
Դավութօղլուն 2009-2014 թվականներին զբաղեցրել էր Թուրքիայի արտգործնախարարի, իսկ 2014-2016 թվականներին՝ վարչապետի պաշտոնը։ Էրդողանի հետ տարաձայնություններից հետո նա հեռացել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և 2019 թվականին հիմնել «Ապագա» կուսակցությունը։
2026 թվականի հուլիսին Դավութօղլուն հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, իսկ օգոստոսին նրա հիմնադրած կուսակցությունը լուծարվել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







