«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողի կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների ամենամեծ թվով խախտումները, հայտնել են գերատեսչությունից։
Ուզբեկստանից ստացվող արտադրանքի հիմնական ծավալը բաժին է ընկնում բանջարեղենին և կանաչեղենին։ Դրանք, մասնավորապես, ծաղկակաղամբն են, գլուխ սոխը, սամիթը, մաղադանոսը, ճակնդեղը, լոլիկը։ Բացի այդ, մատակարարվում է նաև խաղող։
«Որոշումն ընդունվել է Ուզբեկստանից Ռուսաստան կարանտինի ենթակա արտադրանքի մատակարարման ժամանակ կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի հաճախակիացման կապակցությամբ»,- պարզաբանել է ծառայությունը։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբից ի վեր հայտնաբերվել է կարանտինային օբյեկտների 132 դեպք, ինչպիսիք են՝ լոլիկի պտուղների դարչնագույն կնճռոտվածության վիրուսը (Tomato brown rugose fruit virus), հարավամերիկյան լոլիկի ցեցը (Tuta absoluta (Meyrick)), արևմտյան (կալիֆոռնիական) ծաղկային թրիպսը (Frankliniella occidentalis Pergande), ճակնդեղի ջղերի նեկրոտիկ դեղնության բենիվիրուսը (Beet necrotic yellow vein benyvirus)։
«Ռուսական և միջազգային բուսասանիտարական պահանջների համակարգված խախտումը հաստատում է ռուսական շուկա մատակարարվող կարանտինի ենթակա արտադրանքի անվտանգության ապահովման հարցում Ուզբեկստանի համակարգի անբավարար արդյունավետությունը»,- նշել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
Գերատեսչությունը հուլիսի 18-ից ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել թուրքական 5 արտահանող ընկերությունից կորիզավոր մրգերի ներկրման վրա։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսին հայտարարել էր, որ յուրաքանչյուր ամիս մշտադիտարկում է իրականացնելու Հայաստանից ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի նկատմամբ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից գերատեսչությունն արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։






































