ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները և հունիսի 30-ին Դոհայում բանակցություններ անցկացնել Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին, հայտնել է Axios-ը։
Միևնույն ժամանակ՝ Reuters-ը գրում է, որ Թեհրանը հունիսի 28-ին հրաժարվել էր մասնակցել Վաշինգտոնի հետ նախատեսված տեխնիկական բանակցություններին՝ պատճառաբանելով վերջին հարձակումներն ու հայտարարելով, որ չի կատարվել փոխըմբռնման հուշագրով նախատեսված պայմանները։
Շուկաները զգուշավոր լավատեսությամբ են արձագանքել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հնարավոր թուլացման մասին հաղորդումներին։ Նավթի գները նվազել են, իսկ Brent տեսակի նավթը վաճառվել է մեկ բարելի դիմաց մոտ 72 դոլարով։
OilPrice-ի համաձայն՝ WTI Crude տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 70,49 դոլարով, իսկ Brent Crude-ը՝ 73,03 դոլարով։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։ Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։
Լարվածությունը սրվել էր վերջին օրերին Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ զարգացումների և ԱՄՆ-ի ու Իրանի փոխադարձ հարվածների ֆոնին։ ԱՄՆ-ն նոր հարվածներ էր հասցրել Իրանի թիրախներին, Թեհրանը պատասխանել էր ԱՄՆ ուժերի հետ կապված օբյեկտների ուղղությամբ հարվածներով։






































