Իսրայելի՝ Լիբանանին հասցրած հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Մարվանիեից և Տիրից հարվածների մասին հաղորդումներ են ստացվել Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունից հետո։
«Իսրայելական ռեյդի հետևանքով Տիր քաղաքում՝ Կարմիր խաչի կենտրոնի մոտ, զոհվել է 5 մարդ, 8-՝ը վիրավորվել, որոնցից 4-ը Կարմիր խաչի բուժաշխատողներ են»,- ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սրման սկզբից ի վեր Լիբանանում, ընդհանուր առմամբ, զոհվել է շուրջ 3637 մարդ, 11 188-ը՝ վիրավորվել։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել էր Իսրայելի հյուսիսային շրջանները։ Իսրայելական բանակը հայտարարել էր, որ դրանք բոլորը որսացել է։ Նույն օրն ավելի վաղ Իսրայելը Բեյրութի արվարձանում հարված էր հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտին։ Ավելի ուշ Իրանն ու Իսրայելը հայտարարել էին հարվածների դադարեցման մասին, սակայն սպառնացել էին վերսկսել ռազմական գործողությունները հրադադարի խախտման դեպքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարի պայմանավորվածության մասին։ Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։






































