Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինն ապտակել է ամուսնուն իրանցի դերասանուհու նկատմամբ խանդից դրդված, որի հետ նա մի քանի ամիս նամակագրական կապի մեջ էր, հայտարարել է ֆրանսիացի լրագրող և նախագահական ընտանիքի հարաբերությունների մասին «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքի հեղինակ Ֆլորիան Տարդիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Փաստն այն է, որ Բրիջիտ Մակրոնը տեսել է հայտնի դեմքի՝ իրանցի դերասանուհի Գոլշիֆթեհ Ֆարահանիի հաղորդագրությունը»,- RTL ռադիոկայանին ասել է Տարդիֆը և պնդել, որ 2025 թվականի մայիսին ինքնաթիռում Մակրոնի ստացած ապտակը պայմանավորված էր կնոջ կողմից խանդի նոպայով։
Ըստ լրագրողի՝ մանրակրկիտ ուսումնասիրել է իրադարձությունների այս տարբերակը, որը ներկայացված է գրքում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը մի քանի ամիս պահպանել է «պլատոնական հարաբերություններ» դերասանուհու հետ և գովեստի խոսքեր ասել նրան։
2025 թվականի մայիսին ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը հրապարակել էր Ֆրանսիայի նախագահի Վիետնամ ժամանման տեսանյութը։ Տեսանյութում Մակրոնը դեռևս ինքնաթիռում էր, մինչդեռ նրա կինը, ով կադրում չէր երևում, ձեռքը բարձրացրել էր Ֆրանսիայի առաջնորդի դեմքին՝ կարծես ապտակելով նրան։
BFMTV-ն հաղորդել է, որ Մակրոնը զարմացած տեսք ուներ, բայց արագ շրջվել էր՝ ողջունելով իրեն դիմավորողներին։ Միջադեպից հետո զույգն իջել էր աստիճաններով։ Նախագահը ձեռքը մեկնել էր կնոջը, բայց նա չէր արձագանքել։
Ավելի ուշ Մակրոնը հայտարարել էր, որ ինքնաթիռից դուրս գալուց առաջ «պարզապես խաղում էր» կնոջ հետ։





































