Ֆրանսիացի պաշտոնյաներն անօրինական կերպով հավաքում են քաղաքացիների անձնական տվյալները, հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում X սոցիալական ցանցի և դրա սեփականատեր Իլոն Մասկի դեմ սկսված քրեական հետաքննությունը։
Դուրովի խոսքով՝ Ֆրանսիայի դատախազությունը Մասկին և X-ին մեղադրում է նույն խախտումների մեջ, որոնք, ըստ նրա, թույլ է տալիս նաև հենց Ֆրանսիայի կառավարությունը։ Խոսքը վերաբերում է անձնական տվյալների անօրինական հավաքագրմանը, տվյալների անբավարար պաշտպանությանը, ավտոմատացված համակարգերից տվյալների ստացմանը և էլեկտրոնային հաղորդակցությունների գաղտնիության խախտմանը։
«Ֆրանսիայի կառավարությունը խուճապի մեջ է։ Նրանք գիտեն, որ 2027 թվականին քաղաքական հնարավոր փոփոխությունները կբացահայտեն իրենց հանցագործությունները, և փորձում են ցանկացած պատրվակով լռեցնել խոսքի ազատության հարթակները»,- գրել է Դուրովը։
Le Monde-ն մայիսի 7-ին հայտնել էր, որ Ֆրանսիայի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել Մասկի, X հարթակի և դրա նախկին ղեկավար Լինդա Յակարինոյի նկատմամբ։ Գործում նշվում են նաև անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման, AI-ի միջոցով ստեղծված ինտիմ բովանդակության հրապարակման և այլ մեղադրանքներ։
Ապրիլին Դուրովը հայտարարել էր, թե Ֆրանսիայի հարկային ոլորտի պաշտոնյաները հաճախորդների տվյալները փոխանցում են չարագործներին, ինչը, ըստ նրա, նպաստում է կրիպտոարժույթների սեփականատերերի առևանգումների դեպքերին։




































