Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ դատարանը կիրառել է պայմանական ազատազրկում՝ 2012 թվականի ընտրարշավի վրա չափազանց շատ ծախսերի հետ կապված գործով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դատարանը բավարարել է Սարկոզիի մեղմ պատժի վերաբերյալ միջնորդությունը: Արդյունքում՝ նախկին նախագահն այլևս չի կրի էլեկտրոնային սարք, որը նա պարտավոր էր կրել այս գործով իր պատժի վեց ամսվա ընթացքում:
Սարկոզիի գործը մամուլում անվանվել է Bygmalion՝ ի պատիվ այն PR գործակալության, որը վարել էր 2012 թվականի նրա ընտրարշավը: Հետաքննությունն սկսվել էր 2014 թվականի փետրվարին, երբ Le Point շաբաթաթերթը հրապարակել էր տեղեկատվություն, ըստ որի 2012 թվականին Bygmalion-ն զգալիորեն ուռճացրել էր Սարկոզիի երկրորդ նախագահական ժամկետի համար պայքարող քարոզարշավի թիմին մատուցված ծառայությունների արժեքը:
Հետաքննության համաձայն՝ խախտումները թաքցնելու համար Սարկոզիի քարոզարշավի թիմը և Bygmalion-ն օգտագործել էին կեղծ հաշիվ-ապրանքագրեր. գործակալությունը դրանք տրամադրել էր ոչ թե քարոզարշավի թիմին, այլ «Ժողովրդական շարժման միություն» կուսակցությանը (2015 թվականից՝ Les Républicains)՝ ընտրությունների հետ կապ չունեցող կուսակցական հանրահավաքների և համաժողովների համար։
Հետաքննությունը նշել է, որ Սարկոզին իր քարոզարշավի համար հավաքել էր 42,8 իլն եվրո՝ օրենքով սահմանված սահմանաչափի կրկնակի չափով: 2016 թվականի փետրվարի 16-ին նախկին նախագահը մեղադրվել էր քարոզարշավի ֆինանսավորման սահմանաչափը դիտավորյալ գերազանցելու մեջ:
2024 թվականի փետրվարին Փարիզի վերաքննիչ դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել 2012 թվականի ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մեջ և դատապարտել նրան մեկ տարվա ազատազրկման, որից վեց ամիսը՝ իրական ժամկետ, իսկ վեց ամիսը՝ պայմանական:
Սարկոզին, որը Ֆրանսիայի նախագահն էր 2007-2012 թվականներին, արդեն դատապարտվել էր երկու առանձին գործով և զրկվել Ֆրանսիայի բարձրագույն պարգևից: 2025 սեպտեմբերի 25-ին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ 2007 թվականի նախագահական քարոզարշավի լիբիական ֆինանսավորման գործով։






































