Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար, հայտնել է The Washington Post-ը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Սփիրսը գործարք է կնքել քննության հետ, ինչի շնորհիվ խուսափել է իրական բանտային կալանքից: Նա անձամբ ներկա չի գտնվել դատական նիստին. նրա շահերը ներկայացնող փաստաբանը դատարանում ընդունել է երգչուհու մեղքը wet reckless (ալկոհոլի հետ կապված նվազ ծանր իրավախախտում-խմբ.) հոդվածով:
Դատարանի որոշմամբ՝ երգչուհու նկատմամբ նշանակվել է մեկ օրվա բանտարկություն, որը համարվել է կրած՝ ձերբակալության պահին կալանքի տակ գտնվելու հաշվին: Բացի մեկ տարվա պայմանական ժամկետից, Սփիրսը պարտավոր է վճարել տուգանք և անցնել հատուկ դասընթացներ, որոնք նախատեսված են նմանատիպ իրավախախտում թույլ տված անձանց համար:
Դատախազությունը պարզաբանել է, որ նմանատիպ գործարքն ստանդարտ ընթացակարգ է այն մեղադրյալների համար, ովքեր նախկինում չեն կատարել նման խախտումներ, չեն առաջացրել ճանապարհատրանսպորտային պատահարներ և արյան մեջ ունեցել են ալկոհոլի ցածր մակարդակ:
Միջադեպը տեղի էր ունեցել մարտի սկզբին՝ Կալիֆոռնիայում: Ոստիկանությունը վտանգավոր վարման պատճառով կանգնեցրել էր երգչուհու BMW մակնիշի ավտոմեքենան։ 44-ամյա երգչուհուն մեղադրանք էր առաջադրվել ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար, որից հետո նա վերականգնողական կենտրոնում բուժման կուրս էր անցել:
Սփիրսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին: Նրա կարիերան ուղեկցվել է մի շարք սկանդալներով և իրավական խնդիրներով: 2021 թվականի նոյեմբերին դատարանի որոշմամբ դադարեցվել էր նրա հոր կողմից իրականացվող խնամակալությունը, որի ներքո երգչուհին գտնվել էր ավելի քան 13 տարի։
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի
Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...





































