Քաղցկեղի դեմ պայքարից հետո 82 տարեկանում մահացել է իտալացի դիզայներ Ադրիանո Գոլդշմիդը, հայտնում է WWD-ն։
Գոլդշմիդը հայտնի էր որպես «ջինսի կնքահայր»։ Կես դարից ավելի աշխատանքի ընթացքում նա ջինսերն ամենօրյա հագուստից վերածել է անկախ նորաձևության լեզվի և առաջիններից մեկն էր, ով բարձրաձայնել է ոլորտում փոփոխության անհրաժեշտության մասին։
Ապագա դիզայները նորաձևության աշխարհ է մտել առանց համապատասխան ուսուցման։ 1970-ականների սկզբին նա գրեթե պատահաբար սկսել է ներմուծված ջինսեր վաճառել գիշերային ակումբի դիմաց, այնուհետև բացել King's Shop-ը Կորտինա դ'Ամպեցոյում և արագորեն հասել այն գաղափարին, որ ջինսը կարող է լինել այլ դասի արտադրանք։
1974 թվականին Գոլդշմիդը գործարկել էր Daily Blue ապրանքանիշը՝ շեշտը դնելով նոր ուրվագծերի, գույների և ավելի բարձր գնի վրա՝ մոտեցում, որը նա անվանել էր «ջինսի նորաձևության» ծնունդ։
Գոլդշմիդը 1981 թվականին հիմնադրել էր Genious Group ստեղծագործական հարթակը, որը դարձել է մի քանի հայտնի ապրանքանիշի մեկնարկային կետը։ Այս միջավայրում ձևավորվել են Diesel և Replay «պրեմիում առօրյա» ապրանքանիշերը։



































