Մերձավոր Արևելքում ճգնաժամը կարգավորելու միջնորդների ջանքերը փակուղի են մտել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
Նախորդ շաբաթ Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը Իսլամաբադում քննարկել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը դադարեցնելու հնարավոր ուղիները: Հանդիպումից հետո Պակիստանի արտգործնախարարը հայտարարել էր ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչներին խաղաղության բանակցությունների համար հյուրընկալելու իր պատրաստակամության մասին:
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հասնելու տարածաշրջանային երկրների՝ Պակիստանի գլխավորությամբ, ջանքերի ներկայիս փուլը փակուղի է մտել», — գրում է WSJ-ն՝ հղում անելով միջնորդներին։
Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյաներն առաջիկա օրերին չեն հանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ Իսլամաբադում։ Հրատարակության տվյալներով՝ Թուրքիան և Եգիպտոսը քննարկում են բանակցությունների այլ վայրեր, այդ թվում՝ Դոհան կամ Ստամբուլը։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի թիրախներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







