Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) խոստացել է հարվածել մի շարք ամերիկյան և ԱՄՆ-ի հետ կապված ընկերությունների՝ մեղադրելով նրանց Իրանի դեմ «ահաբեկչական գործողություններին» մասնակցելու մեջ։ Հայտարարությունը հրապարակվել է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում, հայտնել է ՌԲԿ-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ընկերությունները ներգրավված են Իրանի դեմ հարվածների պլանավորման և ուղղորդման գործում։
Ցանկում ներառված են խոշոր տեխնոլոգիական կորպորացիաներ, էլեկտրոնիկայի և չիպերի արտադրողներ (Cisco, HP, Intel, Oracle, Microsoft, Apple, Google, Meta, IBM, Dell և Nvidia), վերլուծական ծրագրային ապահովման մշակող Palantir-ը, JPMorgan ֆինանսական խումբը, ինչպես նաև արդյունաբերական և ավիատիեզերական ընկերություններ (GE և Boeing)։ Նշվում են նաև Tesla-ն, էմիրաթական արհեստական բանականության G42 խումբը և Spire Solution-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ սպառնալիքներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ին՝ Թեհրանի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 20:30-ին — խմբ․)։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







