Իսրայելական հրետանին ֆոսֆորային զինամթերքով հարվածել է հարավային Լիբանանի ութ գյուղի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը (NNA)։
«Թշնամու հրետանին ֆոսֆորային զինամթերքով հարվածներ է հասցրել սահմանամերձ գյուղերին՝ թշնամու զորքերի տեղաշարժի ֆոնին՝ Դեյր Սրիանում, Քանթարայում և Թայբայում, ինչպես նաև Յահմար ալ-Շքիֆում, Զաութրում, Ֆրունում, Ղանդուրիայում և Բուրջ Քալավիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը մարտական գոտիներում արգելված է միջազգային իրավունքով։ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չափանիշների համաձայն՝ արգելվում է հրկիզող զենքի օգտագործումը քաղաքացիական բնակչության կամ բնակեցված տարածքների դեմ։
Ֆոսֆորի օգտագործումը կարող է առաջացնել ծանր այրվածքներ և հրդեհներ, ուստի դրա օգտագործումը քաղաքացիական բնակչության դեմ համարվում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և հնարավոր պատերազմական հանցագործություն։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ Իսրայելը մարտի սկզբին հարավային Լիբանանի բնակելի շրջաններում կիրառել էր սպիտակ ֆոսֆոր։ Մարտի 24-ին տվյալներով՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել էր 1072-ի, վիրավորվել էր 2966 մարդ։




































