Հորմուզի նեղուցը բաց է բոլոր երկրների նավերի համար՝ բացառությամբ նրանց, ովքեր խախտում են Իրանի սահմանները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին, իր հերթին, հայտարարել է, որ Թեհրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցն իրանական էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարձակումների դեպքում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումները որակել է միջազգային իրավունքի խախտում և կոչ է արել ՄԱԿ-ին կոշտ դիրքորոշում ընդունել այս հարցում՝ պահանջելով, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը փոխհատուցեն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին պատճառված վնասը։
Եմենի հյուսիսը կառավարող շիաների «Անսար Ալլահ» (հուսիթական) շարժումն զգուշացրել է ԱՄՆ դաշնակիցներին՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու պատրվակով տարածաշրջան զորքեր չուղարկելու մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդես էր եկել վերջնագրով՝ հայտարարելով, որ եթե Իրանը «48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, ապա ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի Իրանում գտնվող տարբեր էլեկտրակայաններ՝ սկսելով ամենախոշորից»։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։





































