Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման որևէ գործողության, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է. որ «Ֆրանսիան չի ընտրել այս պատերազմը և հակամարտության կողմ չէ»։
«Մենք չենք մասնակցում դրան և զբաղեցրել ենք խիստ պաշտպանական դիրքորոշում՝ պաշտպանելով մեր քաղաքացիներին և աջակցելով մեր դաշնակիցներին։ Մեր նպատակները հստակ են. դրանք սահմանվել են առաջին օրվանից և չեն փոխվել»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Միևնույն ժամանակ՝ Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան, այլ երկրների հետ միասին, պատրաստ է «ստանձնել ինչպես կոնտեյներային նավերի, այնպես էլ տանկերների տեղաշարժի ազատության ապահովման առաքելությունը, երբ իրավիճակը հանդարտվի»։
«Նման առաքելությունը պետք է լիովին անջատ լինի շարունակվող ռազմական գործողություններից և ռմբակոծություններից։ Սա պահանջում է քաղաքական և տեխնիկական լուրջ աշխատանք, ինչպես նաև բոլոր ծովային շահագրգիռ կողմերի, ապահովագրողների և օպերատորների հետ ներգրավվածություն: Արդեն սկսել ենք քննարկումներ Հնդկաստանի, ինչպես նաև մի շարք եվրոպական և տարածաշրջանային գործընկերների հետ: Այս աշխատանքը պահանջում է բանակցություններ և Իրանի հետ հակամարտության լուծում, քանի որ սա ոչ մի դեպքում չի կարող լինել ուժի կիրառմամբ իրականացվող գործողություն»,- նշել է Մակրոնը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր ՆԱՏՕ-ի օգնությունը Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու հարցում և զգուշացրել, որ դաշինքը «դժվար ժամանակների է դիմակայելու», եթե չօգնի Վաշինգտոնին: Գերմանիան մերժել էր Թրամփի պահանջը։ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել էր, որ ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու հարցը:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին:
Մարտի 2-ին ԻՀՊԿ գեներալ-մայոր Էբրահիմ Ջաբարին զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի արտահանման մոտավորապես մեկ հինգերորդը, կփակվի նավագնացության համար՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողության պատճառով:





































