Իրանի դեմ ռազմական արշավի առաջին շաբաթն ԱՄՆ-ի վրա արժեցել է մոտ 6 միլիարդ դոլար, հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով այն տեղեկատվությանը, որն ամերիկացի պաշտոնյաները տրամադրել են կոնգրեսին:
Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատերազմի համար լրացուցիչ ֆինանսավորում կհայցի: Մինչդեռ Իրանի իշխանությունները վստահ են, որ գործող վարչակարգը կկարողանա վերապրել հարվածների շարքը, իսկ ԱՄՆ-ն ու Իսրայելը, ի վերջո, կկորցնեն հետաքրքրությունը մարտական գործողությունների շարունակման հետ կապված, հայտնել է NYT-ը:
Իրանցի պաշտոնյաները լրագրողներին պատմել են, որ Իսլամական Հանրապետությունում ընտրել են ռազմավարություն, որի էությունը հակառակորդի համար պատերազմը չափազանց թանկ դարձնելն է: Այն ստացել է «Խենթը» (Operation Madman) կոդային անվանումը:
Ամերիկացի հրամանատարները կարծում են, որ առաջիկա օրերը կլինեն առանցքային և կորոշեն՝ արդյոք Իրանը կկարողանա՞ այսուհետ ևս հասցնել զգալի պատասխան հրթիռային հարվածներ, գրել է NYT-ը:
«Սա մրցավազք է»,- ասել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին:
NYT-ը նշել է, որ Թեհրանին հասցված հարվածը, որի հետևանքով սպանվել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, դարձել է պատերազմի առաջին շաբաթվա խճճված իրականության խորհրդանիշը:
Մի կողմից՝ ԱՄՆ-ն և Իսրայելը վարում են հյուծիչ օդային արշավ ճնշված հակառակորդի դեմ, մյուս կողմից՝ քիչ են պատասխաններն այն հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել հաղթանակը: Իրանը շարունակում է դիմադրել և մարտական գործողությունները տարածել ամբողջ տարածաշրջանում, ընդգծված է հոդվածում:
The Atlantic-ի լրագրող Նենսի Յուսեֆը, հղում անելով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչներին, ավելի վաղ հայտնել էր, որ Պենտագոնը, նախնական գնահատականներով, արշավի արժեքը համարում է օրական 1 միլիարդ դոլար: Ընդ որում՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ պատերազմը կտևի 4-6 շաբաթ:
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







