ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով երկխոսության ընթացքում հաջողվել է կրճատել վիճահարույց թեմաների քանակը, սակայն մնացել են ամենաբարդ հարցերը, տեղեկացնում է հայտնում է Interfax-ը:
«Լավ նորությունն այն է, որ լուծման ենթակա վիճահարույց հարցերի ցանկը կրճատվել է։ Վատ նորությունն այն է, որ այն կրճատվել է ամենադժվար հարցերի լուծման համար»,- Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է Ռուբիոն:
Նա հստակեցրել է, որ դեռևս մնում են անհասկանալի հարցեր՝ հնարավո՞ր է արդյոք գտնել համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք ընդունելի կլինեն թե՛ ՌԴ-ի, թե՛ Ուկրաինայի համար։ Ռուբիոն, սակայն, խոստացել է շարունակել ջանքերը՝ Ուկրաինայում կարգավորման հասնելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա երեքշաբթի՝ փետրվարի 17-ին:
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել էին որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







