ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա շաբաթներին կարող է որոշում կայացնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացից դուրս գալու վերաբերյալ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Atlantic պարբերականը:
Atlantic-ի վերլուծաբանների կարծիքով՝ դա կարող է տեղի ունենալ 2026 թվականի աշնանը նախատեսված միջանկյալ ընտրությունների ֆոնին, որոնց ընթացքում Թրամփն աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն կհատկացնի ներընտրական գործընթացներին:
«Ուկրաինացիներն զգացին, որ ժամանակն սպառվում է: Առաջիկա շաբաթներին, երբ նախընտրական քարոզարշավն ավելի ու ավելի շատ ժամանակ կխլի Թրամփից, նա կարող է եզրակացնել, որ բանակցություններն իր համար վերածվել են քաղաքական պարտության: Այդ դեպքում նա կարող է դուրս գալ գործընթացից՝ դիվանագիտական ձախողման մեղքը բարդելով կողմերից մեկի կամ երկուսի անզիջողականության վրա»,- գրում է կայքը:
The Atlantic-ն ընդգծում է, որ 2025 թվականի փետրվարից՝ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած հեռուստատեսային բանավեճից ի վեր ուկրաինական կողմը բազմիցս փորձել է ցույց տալ իր պատրաստակամությունը փոխզիջման գնալու հարցում:
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 23-24-ն Աբու Դաբիում։ Կողմերը բանակցությունները բնութագրել էին որպես կառուցողական։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բանակցությունների ամենադժվար հարցը տարածքային խնդիրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







