Ուկրաինան և Ռուսաստանը 20 կետանոց շրջանակային խաղաղության փաստաթուղթ կստորագրեն Միացյալ Նահանգների հետ առանձին, ընդ որում՝ Եվրամիության երկրներն ստորագրման կողմեր չեն դառնա, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան «Եվրոպական պրավդա»-ին տված հարցազրույցում։
Սիբիգայի խոսքով՝ այժմ քննարկում են հենց այդպիսի կառուցվածք՝ «20 կետանոց շրջանակ»՝ որպես երկկողմ փաստաթուղթ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, ինչպես նաև առանձին փաստաթուղթ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Նախարարն ընդգծել է, որ բանակցությունները շարունակվում են, և պարամետրերը դեռ կարող են փոխվել:
Մեկնաբանելով ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին կետը՝ Սիբիգան նշել է, որ նույնիսկ առանց Եվրամիության ստորագրության փաստաթուղթը չի կարող պարունակել դրույթներ, որոնք չեն համաձայնեցվել եվրոպական դաշնակիցների հետ: Նա հավելել է, որ Եվրոպան մասնակցում է խաղաղ գործընթացին և անվտանգության համաձայնագրերին:
Նախարարը նաև ընդգծել է, որ Կիևը պնդում է ապագա պայմանավորվածությունների իրավաբանորեն պարտադիր բնույթը, և ուշադրություն է հրավիրել, որ առաջին անգամ քննարկումներում ուղղակիորեն օգտագործվում է «անվտանգության երաշխիքներ» ձևակերպումը, այլ ոչ թե ավելի անորոշ «հավաստիացումներ»:
Աբու Դաբիում կայացած բանակցություններից հետո կողմերն ակտիվացրել են շփումները խաղաղ ճանապարհով: Զուգահեռաբար, Վաշինգտոնն ու Կիևը քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ձևաչափը և եվրոպացի գործընկերների դերը:






































