Դանիայի Միացյալ արկտիկական հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Սորեն Անդերսենը հայտարարել է, որ Արկտիկայում դանիական ուժերը կենտրոնացած են Ռուսաստանի հնարավոր ակտիվության, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների վրա, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև հակամարտությունը քիչ հավանական է։ Անդերսենը նշել է, որ հրամանատարության խնդիրն է պաշտպանել թագավորությունը դաշինքի հետ համակարգմամբ: Միևնույն ժամանակ, Անդերսենը հայտնել է, որ Գրենլանդիայի մոտակայքում այժմ չկան ո՛չ չինական, ո՛չ էլ ռուսական ռազմանավեր, իսկ մոտակա ռուսական գիտական նավը գտնվում է ավելի քան 300 ծովային մղոն հեռավորության վրա:
Ի պատասխան տարածաշրջանային ռիսկերի՝ եվրոպական երկրները փոքր զորակազմեր են ուղարկել Գրենլանդիա՝ Arctic Endurance զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում: Հրամանատարությունը նաև ԱՄՆ-ին է հրավիրել մասնակցել այդ զորավարժություններին, որտեղ կմշակվեն գործողություններ ձմեռային պայմաններում:
Արկտիկական ուժերի հրամանատարի հայտարարությունը հնչել է Գրենլանդիայի նկատմամբ մեծ ուշադրության ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դրա ռազմավարական նշանակության մասին հայտարարություններից հետո:






































