Իրանն ու Իսրայելը 2025 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել այն մասին, որ չեն պատրաստվում հարվածել միմյանց, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
«Դեկտեմբերի վերջին՝ Իրանում բողոքի ակցիաների մեկնարկից մի քանի օր առաջ, Իսրայելի իշխանությունները Ռուսաստանի միջոցով Իրանի ղեկավարությանը տեղեկացրել էին, որ իրենք չեն հարվածի Իրանին, եթե նա առաջինը չհարձակվի: Տարածաշրջանի երկրների դիվանագետների և պաշտոնյաների խոսքով՝ Իրանը ռուսական ալիքով պատասխանել է, որ զերծ կմնա կանխարգելիչ հարվածներից»,- ասվում է հրապարակման մեջ:
Թերթի աղբյուրների խոսքով՝ դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը լայնածավալ ռազմական արշավ էր նախապատրաստում Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման դեմ:
WP-ի երկու զրուցակիցներ հայտնել են, որ Իրանը դրական է արձագանքել Իսրայելի առաջարկին: Սակայն Թեհրանում, միևնույն է, զգուշավոր են տրամադրված, քանի որ Իսրայելի հավաստիացումները թողնում էին ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հնարավորությունը՝ իսրայելցի զինվորականների հետ համակարգմամբ:
Իրանն այսօր մի քանի ժամով փակել էր օդային տարածքը երկրում ցույցերի ֆոնին:






































