Պաղեստինը հրաժարվում է ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարության հետ բոլոր պարտավորություններից և պայմանավորվածություններից՝ ներառյալ անվտանգության համաձայնագրերը: Այս մասին հայտարարել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ ամփոփելով Ռամալայում Պաղեստինյան խմբակցությունների ներկայացուցիչների նիստի արդյունքները, փոխանցում է dw.com-ը։
Մահմուդ Աբբասը պատասխանատվություն է դրել Իսրայելի վրա «որպես բռնազավթող տերություն», բոլոր հետևանքների համար։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը, որպես Իսրայելի կառավարության գլխավոր գործընկեր, պատասխանատվություն է կրում «պաղեստինցի ժողովրդին ճնշելու» համար:
Նրա խոսքով՝ Պաղեստինը կշարունակի միջազգային բոլոր կառույցներին միանալու գործընթացը, որտեղ այն դեռ չի գտնվում։ Ընդ որում, Աբբասն ընդգծել է, որ պաղեստինյան վարչակազմը հավատարիմ է Իսրայելի հետ հակամարտության կարգավորմանը «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա: Նա կոչ է արել խաղաղ կարգավորման և բազմակողմ ձևաչափով բանակցությունների միջազգային խորհրդաժողով անցկացնել՝ հավելելով, որ ԱՄՆ-ի միջնորդությունն անընդունելի է։
Մահմուդ Աբբասի ելույթը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Հորդանան գետի Արևմտյան ափի և հորդանանյան հովտի մի մասի միակողմանիորեն անեքսիա անցկացնելու երկրի նոր կառավարության մտադրությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ շաբաթ Իսրայել կատարած այցի ընթացքում նշել է, որ Վաշինգթոնն այդ հարցի լուծումը թողնում է իսրայելցի քաղաքական գործիչներին և հույս ունի, որ եթե նրանք հավատարիմ լինեն հունվար ամսին նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ծրագրին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







