Ուկրաինան աջակցում է ԱՄՆ-ի առաջարկին՝ Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Novyny.LIVE-ին։
Նա կասկած է հայտնել, որ նման հանդիպումը կարող է նոր արդյունք տալ, քանի որ «այս ձևաչափով հանդիպումներ են տեղի ունեցել Թուրքիայում»։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ գերիների փոխանակման մասին համաձայնություն է ձեռք բերվել և, հետևաբար, նման հանդիպումներ պետք է անցկացվեն, գոնե հետագա փոխանակման կամ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպման վերաբերյալ համաձայնությունների հասնելու համար։
«Բազմիցս խոսել եմ այս մասին։ Կան բարդ հարցեր, որոնք պետք է լուծեն պետությունների ղեկավարները։ Եթե արդյունքները փոխանակումներ կամ այլ համաձայնագրեր լինեն, ես չեմ կարող դեմ լինել։ Այդ դեպքում մենք աջակցում ենք ԱՄՆ-ի առաջարկին։ Դե, կտեսնենք, թե ինչպես կընթանա»,- ասել է Զելենսկին։
Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել:
Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում:






































