Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը Մոսկվայում կրկին փորձ է անում վերադառնալ բժշկությանը, իսկ նրա ընտանիքն ապրում է մեկուսացած, սակայն շքեղ կյանքով, գրում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նա, ըստ աղբյուրի, այժմ նստում է լսարաններում և ակնաբուժության դասեր է ուսանում։
«Ռուսերեն է սովորում և կրկին խորացնում է իր գիտելիքներն ակնաբուժության ոլորտում: Դա նրա կիրքն է․ ակնհայտ է, որ փողի կարիք չունի»,- ասել է Ասադների ընտանիքի ընկերը, որը կապի մեջ է նրանց հետ։
Նա նշել է, որ նույնիսկ Սիրիայում պատերազմի սկսվելուց առաջ երկրի նախկին ղեկավարը Դամասկոսում պարբերաբար զբաղվում էր ակնաբուժությամբ:
Սիրիայում ռեժիմի տապալումից մեկ տարի անց Ասադների ընտանիքը Մոսկվայում և ԱՄԷ-ում ապրում է մեկուսացած, հանգիստ ու շքեղ կյանքով։ Ընտանիքի ընկերը, Ռուսաստանում ու Սիրիայում աղբյուրները, ինչպես նաև արտահոսած տվյալները, ինչպես նշում է պարբերականը, հազվադեպ հնարավորություն են տվել պատկերացում կազմելու այն ընտանիքի կյանքի մասին, որը մի ժամանակ երկիրը ղեկավարում էր «երկաթե բռունցքով»։
Երկու աղբյուրի փոխանցմամբ՝ ընտանիքը, ամենայն հավանականությամբ, բնակվում է Մոսկվայի էլիտար Ռուբլյովկայում՝ փակ թաղամասում, որտեղ ապրում են երկրի ամենահարուստներն ու ազդեցիկները։ Այնտեղ նրանց հարևան կարող է լինել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որը 2014-ին փախել էր Կիևից և, ենթադրաբար, ապրում է այդ նույն շրջանում։
Ասադների ընտանիքը ֆինանսական խնդիրներ չունի։ 2011-ին ընտանիքն իր հարստության զգալի մասը տեղափոխել էր Մոսկվա, որտեղ արևմտյան կարգավորող մարմինները չէին կարող հասնել այդ միջոցներին։
Չնայած հարմարավետ պայմաններին՝ ընտանիքը կտրված է սիրիական և ռուսական էլիտար այն շրջանակներից, որոնց հետ նախկինում շփվում էր։ Սիրիայից Բաշարի վերջին պահի փախուստը նրա մերձավորներին ստիպել էր զգալ, որ իրենց լքել են, իսկ ռուսական վերահսկողները թույլ չեն տալիս նրան կապ հաստատել նախկին ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Ասադը հիմա հիմնականում «անհետաքրքիր» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի քաղաքական էլիտայի համար։
2024 թվականի դեկտեմբերին զինված ընդդիմությունը մտել էր Դամասկոս, որից հետո Ասադը հրաժարական էր տվել և լքել երկիրը: Ահմեդ ալ-Շարաան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության առաջնորդը, դարձել էր ժամանակավոր նախագահ:





































