ՀՀ վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայցերն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 254 և թիվ 255-Ա որոշումների, որոնցով անվավեր էին ճանաչվել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքներ, Armenia Today-ը տեղեկացել է պաշտպանական կողմից։
Դատարանը նաև ընդգծել է ընտրատեղամասերում վերաքվեարկության անհրաժեշտությունը։ Նիստի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի յութուբյան ալիքով։
Գործի նյութերի համաձայն՝ ձայների վերահաշվարկից հետո «Բարգավաճ Հայաստանն» ստացել էր բավարար թվով ձայներ խորհրդարան անցնելու անհրաժեշտ 4%-ի շեմը հաղթահարելու համար, սակայն երկու տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո կուսակցության վերջնական արդյունքն անհրաժեշտ շեմից ցածր մակարդակում է։
«Այս տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով ԲՀԿ-ն չի կարողանա հաղթահարել խորհրդարան անցնելու ընտրական շեմը»,- նշված է հայցադիմումում։
Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ ԿԸՀ որոշումը լուրջ հարցեր է առաջացնում իրավական հիմնավորվածության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ընտրատեղամասերում արձանագրված խախտումները պետք է քննվեն օրենքով սահմանված կարգով և լիազոր մարմնի կողմից։
Երրորդ կողմ հանդիսացող «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, նշել է, որ ԿԸՀ որոշումները կայացվել են ուղղակի նորմատիվ կարգավորումների բացակայության պայմաններում։
«Սա մեկնաբանություն է, այսինքն՝ ուղիղ կարգավորում ընտրական օրենսգրքով առկա չէ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է իրացնել մեկնաբանությունը»,- հայտարարել է նա։
Վարդևանյանն ընդգծել է նաև, որ ԲՀԿ ներկայացուցիչները չեն ծանուցվել ԿԸՀ նիստի մասին և չեն մասնակցել դրա աշխատանքներին։ Նա հավելել է, որ այս հանգամանքը կասկածի տակ է դնում պաշտպանության իրավունքի և ընթացակարգային երաշխիքների պահպանումը։
Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է, որ թեև երկու հայցը մերժվել է, բայց դատավոր Արթուր Ավագյանն արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն։ ԲՀԿ-ն կոչ է անրել հունիսի 14-ին՝ ժամը 17։30-ին, հավաքվել ԿԸՀ-ի մոտ, որտեղ ամփոփվելու են ընտրության արդյունքները։
«Կոչ ենք անում ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներին, հասարակական-քաղաքական հանրույթի ներկայացուցիչներին, մեր բոլոր ակտիվ ու սրտացավ քաղաքացիներին միասնական ճակատով պայքարել հանուն արդարության»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հունիսի 7-ին։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ձայների 49,82%-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 9,93%-ը, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3,996%-ը։
ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել քվեարկության արդյունքները երեք ընտրատեղամասում՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում և Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ հղում անելով այնպիսի խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել էր ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չճանաչելու և երկու ընտատեղամասում վերաքվեարկության պահանջով։
Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին զանգվածային խախտումների մասին և պահանջել ձայների վերահաշվարկ։ Համապատասխան պահանջներով էին հանդես եկել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Խախտումների մասին հայտարարել էին նաև քաղաքական այլ ուժեր։
Քանի՞ քաղաքական ուժ՝ երեք, թե չորս, կանցնի նորընտիր խորհրդարան, պարզ կդառնա ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումից հետո։ «Բարգավաճ Հայաստանի» մուտքը խորհրդարան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կզրկի սահմանադրական մեծամասնությունից։
Թարմացված է՝ 14.05.2026 | 1։00
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



