Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ՀՀ Առողջապահության նախարարության կայքում:
Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194, նախորդ տարվա նույն օրը` 1080 պացիենտ: Չնայած որ նկատվում է ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշների աճ, թոքաբորբերով դիմելիությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ:
Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 40 հիվանդ (նախորդ տարվա 63-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը մինչև 5 տարեկան երեխաներ են:
Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների՝ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







