Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել չինական ընկերության հետ և առաջիկայում Չինաստանից ախտորոշիչ թեստեր կստանա՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար։ Այս մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ մինչ այս հիվանդության նոր լինելու պատճառով ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունեինք։
«Արդեն ասվել է, որ բժշկական խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, ախտորոշիչ թեստը նոր է մշակվում։ Սակայն մենք արդեն պայմանավորվածություն ունենք չինական մի արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար։ Դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք կիրառվեն», — ասաց նախարարը։
Նա նշեց, որ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում։ Նախարարը վստահեցրեց, որ մինչև օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ` ջերմություն, փռշտոց, հազ, և թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ` այլ ինֆեկցիաներ:
Նա տեղեկացրեց նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստն է տեղի ունեցել այսօր, քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումների հարցը, որի վերաբերյալ 1-2 օրվա ընթացքում որոշում կկայացվի և ՀՀ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







