«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներից առաջ Հայաստանի ազգային հավաքականի հետ մարզվելու նպատակով Երևան ժամանելու մասին:
«Արդեն Երևանում եմ։ Հավաքականում հանդես գալը միշտ առանձնահատուկ հուզիչ է։ Հունգարիայի հետ խաղին մի քանի օր է մնացել, կպատրաստվենք»,- գրել է Սպերցյանը։
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբում վերջին՝ չորրորդ տեղում է: Թիմն ունի երեք միավոր:Ազգային թիմի կազմում 25-ամյա Սպերցյանն անցկացրել է 38 հանդիպում, խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին՝ զիջել Իռլանդիային։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 13-ին՝ Հունգարիայի դեմ, որից հետո՝ նոյեմբերի 16-ին, կկայանա Պորտուգալիայի դեմ դիմակայությունը։
Հոկտեմբերի 15-ին Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը գլխով հարվածել էր մրցակցին և ստացել կարմիր քարտ։ Նա որակազրկվել էր երեք խաղով։ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Սպերցյանը դարձել է Հայաստանի հավաքականի նոր ավագը։



























