Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պաշտոնապես ասպետ է կարգվել ֆուտբոլին և բրիտանական հասարակությանը մատուցած ծառայությունների համար, հայտնում է BBC-ն:
50-ամյա Բեքհեմը, որը տարվա սկզբին ընդգրկվել էր թագավոր Չարլզի ծննդյան պատվավոր հյուրերի ցուցակում, երեքշաբթի Բերքշիրում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում թագավորի կողմից արժանացել է ասպետի տիտղոսի։
«Չեմ կարող ավելի հպարտ լինել։ Բոլորը գիտեն՝ որքան հայրենասեր եմ․ ես սիրում եմ իմ երկիրը։ Միշտ ասել եմ, թե որքան կարևոր է միապետությունն իմ ընտանիքի համար։ Բախտ եմ ունեցել ճանապարհորդել ամբողջ աշխարհում, և ամենուր մարդիկ ցանկանում են խոսել մեր միապետության մասին։ Դա ինձ հպարտություն է ներշնչում»,- ասել է նա։
Վինձորի ամրոցում կայացած արարողությանը Բեքհեմին ուղեկցել են նրա կինը՝ Վիկտորյան, և ծնողները՝ Սանդրան ու Դեյվիդը:
Վիկտորիան 2017-ին ստացել էր Բրիտանական կայսրության շքանշան (OBE)՝ նորաձևության ոլորտում ունեցած ավանդի համար:
Բեքհեմը 115 անգամ խաղացել է Անգլիայի հավաքականի կազմում և 6 տարի՝ 2000-2006 թվականներին, հանդիսացել է թիմի ավագը։
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի կազմում աշխարհի երեք և Եվրոպայի երկու առաջնությունների։




































