Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում տեղի է ունեցել բարեգործական ֆուտբոլային խաղ «Պորտուգալիայի լեգենդներ» և «Աշխարհի լեգենդներ» թիմերի միջև։ «Աշխարհի լեգենդների» կազմում հանդես է եկել նաև հայազգի Յուրի Ջորկաեֆը, հայտնում է Sport.ua-ն։
Հանդիպումն ավարտվել է «Պորտուգալիայի լեգենդների» հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Պորտուգալիայի կազմում գոլերի հեղինակ են դարձել Պեդրու Պաուլետան, Էլդեր Պոշտիգան (2 գոլ) և Պեպեն։ Աշխարհի թիմի կազմում միակ գոլը խփել է Մայքլ Օուենը։ Ջորկաեֆի՝ 11 մետրանոցից խփած գոլը չեղարկվել է կանոնների խախտման պատճառով։
«Պորտուգալիայի լեգենդներ»-ի հիմնական կազմում խաղադաշտ են դուրս եկել Վիտոր Բայան, Բրունու Ալվեշն, Ֆաբիու Կոենտրաուն, Նանին, Ռիկարդու Կուարեժման, Պեպեն, Ժոզե Բոսինգվան, Լուիշ Ֆիգուն, Պեդրու Պաուլետան, Մանիշը, Տիագուն։ Պահեստայիններ՝ Բետո, Ռիկարդու Կարվալյու, Դեկու, Ժորժե Անդրադե, Դանի, Նունու Գոմեշ, Էլդեր Պոշտիգա, Էլիզեու, Սիմաու։ Գլխավոր մարզիչ՝ Կոշտինյա։
«Աշխարհի լեգենդների» կազմում խաղադաշտ են դուրս եկել Պետր Չեխը, Մարեկ Համշիկը, Խավիեր Զանետին, Կառլես Պույոլը, Գաիսկա Մենդետան, Հենրիկ Լարսոնը, Կրիստիան Կարամբյոն, Կական, Մարկո Մատերացին, Ջոն Թերին, Խավիեր Սավիոլան։ Պահեստայիններ՝ Էդվին վան դեր Սար, Ռոբերտո Կառլոս, Ալեսանդրո Դել Պիերո, Խրիստո Ստոյչկով, Մայքլ Օուեն, Գեորջի Հաջի, Յուրի Ջորկաեֆ, Օլեքսանդր Ուսիկ, Կրասիմիր Բալակով, Յորգոս Կարագունիս։ Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտո Կառլոս։
Միջոցառումն անցկացվել է բարեգործական նպատակով։ Հավաքագրված գումարները կուղղվեն Պորտուգալիայում և Ուկրաինայում գործող կազմակերպություններին՝ սոցիալական և մարդասիրական ծրագրերի իրագործման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







