Եվրոպական երեք ակումբ առաջարկ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբից տեղափոխվելու վերաբերյալ, հայտնում է Arménie Football-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պորտալի տվյալներով՝ «Կրասնոդար»-ը ստացել է առաջարկներ պորտուգալական «Պորտու»-ից և ֆրանսիական «Լանս»-ից։ «Պորտու»-ն առաջարկել է 10 մլն եվրո Սպերցյանի համար, իսկ «Լանս»-ը՝ 12 մլն եվրո։
Չնայած դրան՝ անգլիական «Սաութհեմփթոնը» դեռևս համարվում է Սպերցյանի ձեռքբերման «հստակ ֆավորիտը»՝ առաջարկը բարձրացնելով 14 մլն եվրոյով։ Սպերցյանը համաձայնեցրել է պայմանագիրը՝ տարեկան 1,9 մլն եվրո աշխատավարձով, բայց պայմանով, որ եթե «Սրբերը» դուրս գան Անգլիայի Պրեմիեր լիգա, աշխատավարձը բարձրացվի:
«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը նշել է, որ Սպերցյանը լավ խաղացող է, և ակումբը հետաքրքրված է լավ ֆուտբոլիստներով։
Ֆուտբոլիստն անգլիական ակումբի առաջարկը «լուրջ» է համարում․ «Ես հիմա այստեղ խաղում եմ, ինչպես տեսնում եք։ Ունեմ ժամանակ, կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Կրասնոդար»-ից հնարավոր հեռանալը։
Բացի դրանից՝ Սպերցյանը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի մի անանուն ակումբի շահավետ առաջարկից։ Arménie Football-ի աղբյուրների համաձայն՝ Սաուդյան ակումբներից մեկը կիսապաշտպանին լավ առաջարկ է արել, սակայն նա մերժել է այն և մտադրություն ունի շարունակել իր կարիերան Եվրոպայում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանի հաշվում կա երեք գոլ և չորս փոխանցում հինգ խաղում։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը օգոստոսի 17-ին «Սոչիի» դեմ խաղում գրանցել է կրկնակի գոլ՝ բացելով հաշիվը խաղի 49-րդ րոպեին:






































