Օլիմպիական խաղերում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մարզիկները պետության կողմից կստանան պարգևավճարներ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնող հայ մարզիկները կստանան 20-ական մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցնողները՝ 15-ական մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները՝ 10-ական մլն դրամ: Այս մարզիկներին մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 հազար դրամ: Օլիմպիական չեմպիոնների թոշակը ևս կկրկնապատկվի ու կդառնա 200 հազար դրամ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սպորտը Հայաստանի կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ ես առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ Հայաստանը մինչև 2050 թվականը պետք է ունենա առնվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է»,- ասաց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







