Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Արշակյանը՝ B ենթախմբում զբաղեցնելով 9-րդ տեղը, հայտնի է դառնում մրցաշարի էջից։
64 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում Արշակյանը գլխավերևում է պահել 80 կգ կշռող ծանրաձողը՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Հրում վարժությունում նա բարձրացրել է 104 կգ՝ զբաղեցնելով 7-րդ տեղը և, երկամարտի 184 կգ արդունքով մրցելույթներն ավարտել է 9-րդ տեղում։
Կանանց 64 կգ քաշայինների պայքարում կանցկացվի նաև A ենթախմբի մրցումները, ինչից հետո այս քաշային կարգում կամփոփվեն վերջնական արդյունքները:
Ապրիլի 19-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը՝ հանդես գալով 81 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ երեկ ոսկե մեդալ էր նվաճել ծանրորդ Գոռ Սահակյանը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանն արժանացել է բրոնզե մեդալի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







