Նոյեմբերի 11-13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կկայանա սամբոյի աշխարհի 2022թ. առաջնությունը։ Այս տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Բիշքեկ է գործուղել 8 մարզիկի։ Հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան։
Մարզական սամբո մրցաձևում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը՝ 58 կգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 64 կգ, Կառլեն Մահինյանը՝ 71 կգ, Ալեքսան Ստեփանյանը՝ 79 կգ, Դավիթ Գրիգորյանը՝ 88 կգ, Արսեն Խանջյանը՝ 98 կգ։ Մարտական սամբո մրցաձևում Հայաստանը կներկայացնեն Ավետիք Պողոսյանը՝ 79 կգ և Արման Ավանեսյանը՝ 98 կգ։
Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:
Ֆեդերացիայից հայտնում են, որ խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու: Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան՝ համաձայն սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:
Առաջին անգամ սամբոյի պատմության ընթացքում ներկայանալու է նաև փախստականների հավաքականը՝ ճիշտ է, մեկ մարզուհով: Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:
Նշենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







